Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հուլիսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ անհրաժեշտությունից ելնելով, աշխատանքներին ներգրավվել է ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 3 հա տարածքում՝ օգտագործելով մոտ 150 տոննա ջուր: Կատարվել են հողի լցման և հարթեցման աշխատանքներ։

Դեպքի վայրում աշխատել է նաև Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար և 4 միավոր տեխնիկա։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ընդհանուր թվով 10 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։

Շուրջ երեք օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի մոտ 4 հա տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 314 տոննա ջուր:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:

Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվել է հերթապահություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել