Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Էրի Դ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ թիվ X զորամասի 5-րդ գումարտակի, 14-րդ վաշտի, 3-րդ դասակի, 1-ին ջոկի հրամանատար, 2012թ.հուլիսի 27-ին` ժամը 21-ի սահմաններում, 14-րդ վաշտի զորանոցի միջանցքում, առանց հրամանատարության թույլտվության, զորանոցից բացակայելու համար դիտավորությամբ երկու անգամ բռունցքով հարվածել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, համածառայող Հայկարամ Հակոբյանի ուսի և որովայնի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով որովայնի փակ վնասվածքի որովայնի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով թեթև վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Նախաքննության մարմնի կողմից Էրի Դ.-ի առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան 09.08.2012թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Էրի Դ.-ն միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը վճռեց Էրիկ Դ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և պատիժ նշանակել` ազատազրկում` 2 տարի ժամկետով: Պատժի ժամկետի մեջ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի, հաշվակցել նախնական կալանքի տակ գտնվելու 3 օրը` 28.07.2012թ-ից մինչև 31.07.2012թ. ժամանակահատվածը /կալանքի 1 օրը հաշվելով ազատազրկման մեկ օրվա դիմաց/ և վերջնական պատիժ սահմանել` ազատազրկում 1 տարի, 11 ամիս, 27 օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոններով պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net