Ե՞րբ է վերցվում ՀՀ քաղաքացուց անձնագիրը

«Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են անձնագիրը վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու հետևյալ հիմքերը

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) անձնագիրը կեղծվել է.
4) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր», -Իրավաբան.նեթ-ի հետ զրույցում հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Անձնագիրը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է անձնագիրը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Վերը նշված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

Փաստաբանի փոխանցմամբ. «Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած ոստիկանության մարմին, բացառությամբ կասկածյալի կամ մեղադրյալի, զինծառայողների անձնագիրը վերցնելու դեպքերի»:

Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց աձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը: Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:

Արգելվում է անձնագիրը վերցնելը, բացառությամբ վերը նշված դեպքերի, կամ գրավ ընդունելը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել