ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել մոտը պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։
Պաշտպանական կողմը դատավճիռը 2009թ. բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը բողոքը մերժել է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել անփոփոխ, Վ.Ջհանգիրյանը համաներման որոշմամբ նշանակված պատժից ազատվել է։ Իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ պաշտպանության կողմից բերված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. սեպտեմբերին վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով և այլ երկրներին վերաբերող գործերով ՄԻԵԴ որոշումների, ներպետական նախադեպային իրավունքի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2019թ. սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրել է Վ. Ջհանգիրյանին առնչվող դատավճիռը, քրեական գործի նյութերը: Պարզվել է, որ նշված գործերով դատական քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական սխալ, ինչի պատճառով ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ ստորադաս դատարանները Վ․Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին և պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել այդ իրադարձություններում, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի ընձեռնվել մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետ վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:
Պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար այնպիսի համակցություն, որը թույլ կտար ապացուցված համարել Վ.Ջհանգիրյանի կողմից իրեն մեղասգրված արարքները կատարած լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «…իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին…»:
2008թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 2008-2009թ. կայացված դատավճիռների, դրանց առնչվող գործերի ուսումնասիրությունը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է: