Կառավարության որոշմամբ երկու ինստիտուտները կմիավորվեն

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 24-ի հերթական նիստին որոշում կընդունի Ստանդարտների ազգային ինստիտուտը և Չափագիտության ազգային ինստիտուտը միավորել՝ ստեղծելով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սույն որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես, 2019թ․ ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ կառավարությունում կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում նաև «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների գործառույթները, կառուցվածքները, ռեսուրսները, վերջիններիս կողմից իրականացվող գործընթացների, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականության ապահովման նպատակահարմարությունը, ոլորտներում առկա ռիսկերը և այլն։ Այս համատեքստում իրականացված ոլորտային ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել, որ վերոնշյալ ընկերությունների կողմից մատուցվում են այնպիսի ծառայություններ, որոնց մատուցման նպատակահարմարությունը պետական մարմնի կողմից նպատակահարմար չէ կամ դրանց արդյունավետությունը արդարացված չէ։

Վերոգրյալ ընկերությունները ներկա գործող՝ ոլորտները կարգավորող օրենսդրության համաձայն գործում են որպես առանձին ընկերություններ, սակայն հաշվի առնելով բյուջետային գործընթացի շրջանակներում տեղի ունեցած՝ պետական ընկերությունների մասով, ինչպես նաև դրանց հետագա գործու­­նեու­թյան նպատակահարմարության կամ դրանց լուծարման կամ վերակազմակերպ­ման վերա­բեր­յալ քննարկումները, ներկայումս նման կարգավորում ունենալը նպատակահար­մար չէ։

Նշվում է նաև, որ ընկերությունների միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում վերջիններիս կողմից իրականացվող գործառույթներն ամբողջությամբ կվերանայվեն, հիմնավոր գործառույթները կշարունակվեն իրականացվել,  կհստակեցվի քաղաքականության թիրախների փոխկապվածությունը, ոլորտային քաղաքականության հիմնավոր նպատակները, կբացառվեն թերի նկարագրված կամ ոչ հիմնավոր, կրկնող բոլոր գործառույթները, արդյունքում կսահմանվեն հստակ՝ կոնկրետ ու հիմնավոր քաղաքականության նպատակներ, կոնկրետ խնդիրներ ու դրանց ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Միաժամանակ երկու կազմակերպություններում ներկայումս առկա են ռեսուրսների ոչ արդյունավետ, ոչ խնայողաբար և ոչ օգտավետ կառավարման ռիսկեր։ Առկա են ինստիտուցիոնալ ռիսկեր, օրենսդրությամբ վերջիններիս տրամադրված որոշ բացառություններով լիազորությունների օժտում, համապատասխան կարգավորումների բացակայություն, առկա են կրկնող գործառույթներ և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել