Կապահովվի աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնասի հատուցման իրավունք ունեցող և չստացող անձանց իրավունքի իրացումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապահովել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնասի հատուցման իրավունք ունեցող և այդ հատուցումը չստացող անձանց վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացումը:

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն անհրաժեշտ իրավական հիմքեր, որի պարագայում հնարավոր կլինի համապատասխան ենթաօրենսդրական ակտի մշակման և ընդունման արդյունքում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք ունեցող, սակայն այդ հատուցումը չստացող անձանց համապատասխան հատուցման գումարների վճարումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով,  ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի N 579 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման  հետ կապված  խեղման, մասնագիտական  հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոններ»-ով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշմամբ: Մասնավորապես.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե աշխատողը աշխատանքում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրված չի եղել, ապա աշխատունակությունը կորցնելու աստիճանը որոշելուց հետո գործատուն նրան վճարում է վնասի հատուցում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն` գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է, եթե աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի` կազմակերպության լուծարման դեպքում աշխատողին պատճառված վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով ենթակա է հատուցման:

Վնասի հատուցման կարգավորումները տրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով, որի մասնավորապես 1086-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:

Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար հատուցում կատարելու  պարտականություն կրող կազմակերպության բացակայության դեպքերում վնասի հատուցման հարցերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չեն կարգավորվում:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ մինչև 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշ­մամբ (ուժի մեջ է մտել 26.08.2004թ.) ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի N 579 որոշ­մամբ հաստատված կանոնների 16-րդ կետը (որով սահմանված էր, որ կազմակերպության լուծարման կամ վերակառուց­ման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է (վնասի փոխհատուցումը շարունակում է) նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բա­ցա­կայության դեպքում` սոցիալական ապահովության մարմինը պետական բյուջեի հաշ­վին) ուժը կորցրած ճանաչելը, վնասի հատուցման համար պատասխանատու կազմակերպության իրավահաջորդի բացակայության դեպքում՝ վնասը հատուցվել է պետական բյուջեի հաշվին:

Արդյունքում, ներկայում ՀՀ պետական բյուջեի միջոցներից շարունակվում է վճարվել աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում միայն այն անձանց (խոսքը շուրջ 370 անձի մասին է), որոնց պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ը (մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ուժի մեջ մտնելը):

Այսինքն, դեռևս կարգավորումից դուրս են մնում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների արդյունքում այն անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման  խնդիրները, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու ճանաչված կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 26-ից հետո, որի հետևանքով վնասի հատուցումը չի շարունակվում:

Միաժամանակ, պետք է նշել նաև, որ մի շարք դեպքերում՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1094-Ն որոշման ընդունումը՝ իրենց աշխատանքի ընթացքում վնաս ստացած աշխատողները, համապատասխան իրավակարգավորումների մասին տեղեկացված չլինելու պատճառով չեն դիմել սոցիալական ապահովության մարմին՝ երբ գործատուն լուծարվել է, և վերոնշյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո որևէ փոխհատուցում ստանալու հնարավորություն չեն ունեցել և առ այսօր չունեն։

Բացի դրանից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև վերջինիս 1086-րդ հոդվածի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կյանքին  կամ առողջությանը պատճառված վնասի համար` սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշմամբ չի կարգավորվում այն դեպքը, երբ լուծարված կազմակերպության կապիտալացված վճարները չեն բավարարում տուժողին ողջամիտ փոխհատուցում տրամադրելու համար։   

Միաժամանակ հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման պարտավորություններ է ստանձնել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» թիվ 17, «Մասնագիտական հիանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» թիվ 18 կոնվենցիաներով, ինչպես նաև 1994 թվականի uեպտեմբերի 9-ին Մոuկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների uտորագրած «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման իրավունքների փոխադարձ ճանաչման մաuին» համաձայնագրով:

«Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 17 կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային օրենսդրությունը, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, նախատեսում է այնպիսի դրույթներ, որոնք գործատուի կամ ապահովագրողի անվճարունակության դեպքում բոլոր հանգամանքներում առավել համարժեք կերպով կապահովեն փոխհատուցման վճարումը պատահարից տուժածներին կամ, մահվան դեպքում, նրանց խնամքի տակ գտնվող անձանց»:

«Մասնագիտական հիանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» թիվ 18 կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ վկայակոչված կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է մասնագիտական հիվանդության հետևանքով անաշխատունակ դարձած անձանց կամ այդ հիվանդություններից մահվան դեպքում ապահովել նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցումը՝ արտադրական պատահարների փոխհատուցման վերաբերյալ ազգային օրենսդրության ընդհանուր սկզբունքներին համապատասխան:

1994 թվականի uեպտեմբերի 9-ին Մոuկվայում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների uտորագրած «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղումով, մաuնագիտական հիվանդությամբ կամ առողջության այլ վնաuումով աշխատողներին պատճառված վնաuի փոխհատուցման իրավունքների փոխադարձ ճանաչման մաuին» համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝

Աշխատողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու համար պատասխանատու ճանաչված կազմակերպության լուծարման դեպքում՝ Կողմը, որի տարածքում կազմակերպությունը լուծարվել է, երաշխավորում է նշված աշխատողների վնասի հատուցումը՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել