Ինչպե՞ս կարելի՝ անձին ճանաչել անգործունակ կամ սահմանափակ գործունակ

Քաղաքացին անգործունակ կամ սահմանափակ գործունակ կարող է ճանաչվել դատական կարգով:

 

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմում դատարանին կարող է ներկայացվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության կողմից:

 

Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:

 

Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացու բնակության վայրի` ընդհանուր իրավասության դատարան, իսկ եթե անձը բուժվում է հոգեբուժական հաստատությունում` նաև դրա գտնվելու վայրի դատարան:

 

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, իսկ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվող անձն իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ:

 

Քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: Եթե անձը հրաժարվում է փորձաքննության անցկացումից, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին:

 

Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունեակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

 

Նշված գործերով դիմողն ազատվում է գործի քննության հետ կապված դատական ծախսերից: Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:

 

Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել