Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`
ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը` մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net