Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:
Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:
Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:
Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կարգի բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք նրա հաշվառման բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:
Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:
Աղբյուրը` Իրավաբան.net