Ազգային ժողովում մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ նախագիծը լավն է, սակայն կիսատ է:
Նա նշեց, որ չի ցանկանում այնպես լինի, որ մեր երկրում օրինապահ քաղաքացիները իրենց զգան «հիմարի» դերում:
«150 հազար հոգու ներում են, լավ են անում: Բա, այն 1 միլիոնը, որը վճարել է տուգանքները, ինչի պետք հիմարացված կարգավիճակում մնա»,-նշեց Բաբուխանյանը և առաջարկեց օրենքի նախագծի մեջ փոփոխություններ կատարել և մտցնել 2-րդ դրույթը, և մտցնել «վաուչերի» գաղափարը:
«Այն քաղաքացիներին, որոնք կներկայացնեն իրենց վճարումները, նրանց կտրվի վաուչեր: Օրինակ՝ ես կատարել եմ 100 հազար դրամի տուգանք, ինձ տրվում է 100 հազար դրամի վաուչեր, և երբ ես խախտում եմ անում 20 հազար դրամի, այդ 100 հազարից նվազում է»,-նշեց պատգամավորը:
Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ պետք է առաջին անգամ խախտում թույլ տված անձանց տուգանքները ներել, իսկ 1 տարվա ընթացքում կրկին խախտում կատարած անձանց պարտքը 50 տոկոսով ներել. «Ես խնդրում եմ, որպեսզի այդ «կարմիր գծերով» տուգանքները նույնպես մտցնենք համաներման մեջ»: