Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալը ապօրինի ակտիվները վերադարձնելու մեխանիզմ է. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի հատուկ նիստի օրակարգային հարցը ՀՀ վարչապետի ընտրությունն է: Պատգամավոր Արարատ Զուրաբյանը հարց ուղղեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվների Հայաստան վերադարձի վերաբերյալ: Իր պատասխանում Նիկոլ Փաշինյանը հայտնեց.
«Ես իմ խոսքում ասացի, որ շատ կարևոր է հայտարարագրման մեխանզիմների արդյունավետության բարձրացումը: Ըստ էության, մեզ մոտ այդ ինստիտուտը հնարավորություն է տալիս, որ ժողովուրդը լիարժեք պատկերացում չունենա պետական պաշտոնյայի ունեցվածքի և դրա շարժի մասին»:
Նա նշեց, որ հիմնական կոռուպցիոն սկանդալները կապված են լինում օֆշորային գոտիներում թաքցված ունեցվածքի հետ. և մի շարք պետություններում կա այսպիսի մեխանիզմ, երբ բարձրաստիճան պաշտոնյան լիազորում է պետությանը, որպեսզի նա ամբողջ աշխարհում կարողանա փնտրել, գտնել տվյալ անձի անունով ակտիվները, ինչով հնարավորություն է տրվում, որպեսզի ժողովուրդն իմանա, որ ոչ միայն Հայաստանում, այլև դրանից դուրս պաշտոնյան ապօրինի հարստություն չի կուտակում:
Նրա խոսքով, հաճախ ասում են, թե միգուցե անձը չի ուզում նման լիազորագիր տալ. «Եթե չի ուզում, ուրեմն թող պետական պաշտոնյա չլինի»:
Ապօրինի ակտիվներ ունենալը զսպելու մյուս տարբերակը ազատ մամուլ ունենալն է:
«Հաջորդը հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի գոյությունն է: Սա քննարկվում է, մեր նախընտրական ծրագրում եղել է, տարբեր պատճառներով չենք կարողանում իրականացնել»:
Հիշեցնենք, որ «Ելք»-ի նախընտրական ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի հատվածում նշվում է. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կլուծարվի, և կստեղծվի անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին»:
Այս կետը ներառվել էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկությամբ, և հենց այս մարմնի ստեղծումն էլ իրականում կարող է ապահովել ապօրինի հարստացածների կողմից ակտիվները Հայաստան վերադարձնելը:
Նշենք, որ Կոալիցիան վերջերս նաև հայտարարություն է տարածել՝ լայնածավալ և արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների մեկնարկի վերաբերյալ.
- Կոռուպցիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ակտիվների վերադարձման ինստիտուտի անհապաղ ներդրում, որի շրջանակներում անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիայի հետևանքով Հայաստանից դուրս հանված ակտիվները՝ ՀՀ պետական բյուջե վերադարձնելու գործընթացը՝ ակտիվ ներգրավելով ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ դատախազությանը, իրավապահ մարմիններին և հանրությունը` բացառելով ներկայումս ՀՀ տարածքից ակտիվների արտահոսքը։
- Երկրում անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակով ապօրինի հարստացման դեպքերի շուտափույթ հայտնաբերում և կոալիցիայի շրջանակներում հանրային անկախ փորձագիտական խմբի ձևավորում, որը միտված կլինի պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերը վերլուծելուն և ապօրինի հարստացման դեպքերը վերհանելուն ու քրեական գործեր հարուցելու նպատակով դրանք ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելուն:
- Կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահությունը ձեռք բերելու նպատակով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների ընտրության համար Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի կողմից ձևավորվելիք մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների մեխանիկական վերարտադրության բացառման և բարեխիղճ, պրոֆեսոնալ, հակակոռուպցիոն արժեքներ դավանող ու համապատասխան հակակոռուպցիոն փորձ ունեցող թեկնածուների ընտրություն:
- Կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմքի վրա հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի ոչ միայն կրթական և կանխարգելիչ գործառույթներով կոռուպցիայի դեմ պայքարում, այլև՝ նախնական քննության անցկացման գործառույթով, ներառյալ՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ։
- Մենաշնորհների և գերիշխող դիրքի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով առևտրային ընկերություններում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընտրված անկախ աուդիտի կողմից հակակոռուպցիոն աուդիտի իրականացում, իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստրի հիմնում և գրանցամատյանի վարում։
- Ընտրություններում քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ ՀՀ սահմանադրության ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին ՀՀ օրենքի, քրեական օրենսգրքի արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում:
- Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմի ստեղծում՝ կադրային բարեփոխումների իրականացման միջոցով»: