Ձեր թիմը կարող է կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Սաղաթելյանին
Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանին վերագրվող մի մեկնաբանություն, որում ասվում է. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք իլյուզիաներ ունեն եթե կուզեք գրավյալ, եթե կուզեք օկուպացված, եթե կուզեք ազատագրված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը դառնալ ուրիշին»:
«Հիմա էլ եք այդպես մտածո՞ւմ»,-նշեց Սաղաթելյանը:
Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ մեջբերումը իր լուսակարով արդեն 5 տարի շրջանառության մեջ է դրված:
«Ես 15 անգամ «Հայկական ժամանակում» տպագրված իմ հոդվածի լոսւապատճենը հրապարակել եմ, հայտարարել, որ Ձեր նշած նախադասությունը գոյություն չունի: Ես ցավում եմ, որ Դուք, սա իմանալով, սոցցանցերում ակտիվ լինելով, իմ հերքումները չեք նկատել և հիմա եկել եք ու Ազգային ժողովի նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Թույլ տվեք եզրակացնել, որ այդ դեպքում Դուք և Ձեր թիմը կարող եք կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ: Եթե որևէ մեկը փորձի մեր գործունեությունը ներկայացնել ՀՀ-ի ազգային շահին հակասող, ապա այդ մեկին շատ լուրջ հիասթափություն է սպասվում: Ես կոչ եմ անում դադարեցնել ապատեղեկատվության տարածումը: Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ Հանրապետական որոշակի շրջանակներ ինձ վերագրում են ԼՂՀ-ի հետ կապված հայտարարություններ և հատուկ ալգորիթմներով: Սա արվում է ներազգային զարթոնքը կասեցնելու և թշնամանք տարածելու համար»: