Ոստիկանությունը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ` նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության համար:
Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Նշված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և այլ դեպքերում:
Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր:
Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում:
Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի` օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:
Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում:
Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև կալանավորված անձանց պահելու վայրերում:
Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:
Համայնքի ղեկավարը (Ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարը այդ մասին տեղեկացնում է Ոստիկանությանը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:
Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ կամ անհաղթահարելի ուժ)` նաև քվեարկության օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:
Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:
Աղբյուրը` Իրավաբան.net