Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։
Աղբյուրը` Իրավաբան.net