Նոր Արեշում 2 «Լեքսուս» է այրվել. հրկիզողը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` մասամբ: Այրվել են նաև կենցաղային իրեր:

Նույն ընթացքում ահազանգ է ստացվել նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, նաև` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է: Պարզվում են նաև որոշ հանգամանքներ:

Ըստ տեղեկությունների` նույն փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ նախապես բենզակայանից գնել է բենզին և հրկիզել ավտոտնակը:

Նոյեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, 28-ամյա երիտասարդը իրենց փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել