«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է TeachCup (ԹիչՔափ-ուսուցչական գավաթ) ինտելեկտուալ մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը։
Մրցույթի հայեցակարգը ձևավորվել է մշակութային և ինտելեկտուալ խաղերի ավանդույթների հիման վրա՝ ներշնչվելով հանրաճանաչ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և այլ մրցույթներից։ Այն նախատեսված է գործող ուսուցիչների, կրթական խմբակներ վարողների, ուսուցանողների համար։
Մրցույթը թիմային է, խմբի անդամները կարող են ներկայացնել ինչպես նույն այնպես էլ տարբեր կրթական հաստատություններ։ Յուրաքանչյուր թիմ կազմված է 5 անդամից։
Մրցույթի գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է։ Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել այս հայտադիմումը՝ https://forms.gle/Nzufp6JhpZ2bExwy8։
Առաջին 3 հորիզոնական գրաված թիմերը կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով, նվերներով։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Մասնակցության կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/4DNJh:
««ԿԱԶԱ»-ի առաքելությունը միտված է փոփոխությունների պատասխանատու դերակատարների հզորացմանը և կրթմանը տարբեր ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք մանկավարժների ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական աճը՝ և՛ որպես կրթող, և՛ առհասարակ որպես հասարակության անդամ: Ուստի, այս միջոցառումը ևս նպատակ ունի խթանելու ուսուցիչների և ուսուցանողների դերը՝ որպես շարունակական կրթության ջատագովներ»,- նշում է «ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանը։
Մրցույթի կազմակերպիչ՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, գործընկերներ՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա, «ՀԲԸՄ», «Վիզուալ Հայաստան» հիմնադրամ։
«ԿԱԶԱ» հիմնադրամը ստեղծվել է 1997 թվականին։ Հիմնադրամը երկար տարիներ աշխատել է մարդասիրական ոլորտում, բայց վերջին տասը տարիներին առաջնահերթություններն ուղղվել են դեպի կրթություն, քաղաքացիական նախաձեռնություններ և զարգացման ծրագրեր: 2020 թվականից Հիմնադրամը որոշեց ուղղել իր ջանքերը Հայաստանի հետպատերազմյան տնտեսական դիմակայունության, սոցիալական համերշխության և որակյալ կրթության սատարմանը: