Այսօր՝ օգոստոսի 31-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի վրա, և արդյո՞ք այդ գործընթացում եռակողմ հայտարարություններն են հիմնական հիմքը, ասաց․
«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում գնահատում ենք և բարձր ենք գնահատում, և մյուս կողմից պիտի ասեմ, որ ինչպես նկատել եք, տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և ընդ որում կարող ենք ասել, որ այդ ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ։
Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց, և մենք կարծում ենք՝ պետք է կողմնորոշվենք էս հարցում։ Այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, և քանի դեռ կարողանում ենք առաջ գնալ, ճիշտը հենց այդ ձևաչափն է, և ես այդ մասին անկեղծ ասել եմ նաև ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում»։