172 օր է Արցախի երեխաների իրավունքները ոտնահարվում են

Արցախը 172 օր է շրջափակման մեջ է։

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում:
Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Հանրապետության նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և այլ հանգամանքների երկարատև առկայությունը:
Այդ համատեքստում Նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ՝ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով:

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 172 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել