Ալեն Սիմոնյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքին։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել: Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կարմիր գիծ է և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Ուստի բոլոր ընկերները և գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,-նշեց ԱԺ խոսնակը:

Կապված RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքին՝ Սիմոնյանն ասաց, որ նման տեղեկություն չունի:

«Չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը և հայկական ազգանուններով տարբեր երկրների գործակալներ և մարդիկ, ովքեր որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ-ի անկախության նկատմաբ, ՀՀ-ի նախկին ղեկավարների նկատմամբ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն: Եթե շատ փորձեն ընդդիմադիր ձեր գործընկերները նման մարդկանց պաշտպանել ես կարող է ջղայնանամ և պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչեր են ասում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը Тelegram-ի իր ալիքում գրել է, որ Կոնստանտին Զատուլինը երկար տարիներ եղել է Հայաստանի կողմնակիցը․ «Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից արգելվել է նրա մուտքը Հայաստան։ Ի դեպ՝ իմը նույնպես»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել