Օրենսդրական կարգավորման նպատակն է հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող նոր կարգավորմամբ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ: Ներկայացնելով իր, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած օրենսդրական առաջարկը՝ հայտնել է Ալխաս Ղազարյանը: Հարցը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Սարուխանյանը:
Օրակարգային հարցի վերաբերյալ Կառավարությունն առաջարկներ չունի: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հավելել է, որ երդման եւ ստորագրման ընթացակարգերը հստակեցման կարիք ունեն, որոնց անդրադարձ կլինի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
ԱԺ նիստում քննարկվել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաեւ առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:
Առաջարկվում է նաեւ Կառավարությանն իրավասություն տալ՝ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր:
Նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ներկայացնելով ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը, նշել է, որ Հայաստանում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ իրականացվում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում, Արարատում, Ծաղկաձորում, Կապանում, Քաջարանում եւ Չարենցավանում: Գործադիրը քայլեր է իրականացնում զարգացնելու «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տեխնիկական կարողությունները, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ամեն պահի տեղեկատվություն ստանալ տվյալ տեղանքի աղտոտվածության վերաբերյալ: Երեւանում արդեն տեղադրվել է փոշու չափիչ 5 սարք:
Օրենսդրական նախաձեռնությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար: Փաթեթով առաջարկվող բոլոր կարգավորումները՝ այստեղ:
Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: