Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պահանջն ու հորդորը՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, կալանավորման հարցի վերաբերյալ

Փաստաբանների պալատից հայտնում են․

«Հիմք ընդունելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի դիմումը և տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022թ. հոկտեմբերի 20‑ին քննարկել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության համատեքստում:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում: Օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:

Այս առումով Հանձնաժողովը խիստ մտահոգված է Էրիկ Ալեքսանյանի պաշտպանի դիմումում, ինչպես նաև Էրիկ Ալեքսանյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով հայտնած տեղեկությունների առնչությամբ, որ վերջինս քրեական հետապնդման է ենթարկվում բացառապես իր օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացրած գործողությունների համար:

Հանձնաժողովը վերահաստատում է՝ փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

Անդրադառնալով փաստաբանի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցներին, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելուն՝ անհրաժեշտ է ընդգծել, որ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

Միևնույն ժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը:

Նշված չափանիշներից ելնելով՝ քրեական վարույթի հանրային մասնակիցները պետք է առավելագույն հաշվետու լինեն փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորելու հարցում: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեին, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվեր, որ քրեական վարույթը չէր կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը՝ կալանքը:

Դրան զուգահեռ, խիստ մտահոգիչ է տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ: Ընդհանրապես հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ընդունելի չէ յուրաքանչյուր պարագայում, բայց վերը նշված հիմնավորումների համատեքստում խնդիրն առավել սուր է փաստաբանի դեպքում: Իրավասու մարմինները պետք է հետևողական քննության առարկա դարձնեն առկա տեղեկությունները, և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձինք ենթարկվեն արարքին համարժեք պատասխանատվության: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերն ի սպառ բացառելու ուղղությամբ:

Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը քննարկելու ընթացքում՝ 2022թ. հոկտեմբերի 24-ին վերջինիս պաշտպանը հրապարակում էր տարածել այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող: Նշել է, որ սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել է նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչն անհապաղ վերադարձնելու պահանջով, սակայն որևէ արձագանք քրեական վարույթն իրականացնող մարմնից չի ստացել:

Այս կապակցությամբ Հանձնաժողովը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`
– Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը (2-րդ մաս).
– Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել (7-րդ մաս):
Գաղտնիությունը փաստաբանի գործունեության էությունն է: Նշված նորմերը կոչված են երաշխավորելու վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են, դրանք գտնվում են օրենքի պաշտպանության ներքո:

Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիության հարցին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին, Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հայտարարություններով (տե՛ս օրինակ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ հրապարակումը, հասանելի է՝ https://advocates.am/news/view/2554.html հղումով):

Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են ապահովել փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ փաստաբանի և իր հաճախորդի միջև նամակագրությունը, անկախ դրա նպատակից ունի արտոնյալ կարգավիճակ, երբ հարցը վերաբերում է գաղտնիությանը, ընդ որում՝ սա կիրառվում է փաստաբանների և իրենց հաճախորդների միջև բոլոր ձևի գրագրությունների նկատմամբ: Դատարանը նաև նշել է, որ մասնագիտական գաղտնիությունը հիմքն է փաստաբանի և հաճախորդի միջև վստահելի հարաբերությունների և դա առանձնահատուկ կշիռ է հաղորդում իրավաբանի մասնագիտական գաղտնիության նկատմամբ ոտնձգության վտանգին, քանի որ այն կարող է հետևանքներ ունենալ արդարադատության պատշաճ իրականացման վրա: Դատարանն արձանագրել է, որ փաստաբանների և իրենց հաճախորդների միջև գրագրության գաղտնիության ապահովման վիճակից անխուսափելի կախված է բոլորի` արդար դատաքննության իրավունքը, ներառյալ մեղադրյալների՝ իրենք իրենց չմեղսագրելու իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է իր օրինական մասնագիտական գործունեության կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կալանավորումն է,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթի հանրային մասնակիցներին և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններին վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս՝ հաշվի առնել նրա որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Էրիկ Ալեքսանյանին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցում թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը ողջամտորեն կարող է պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել այն»:

—————————

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:

Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին.  Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):

Հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։

Էրիկ Ալեքսանյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել