Ավտոմեքենայի վրա մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ են եղել․ 27-ամյա երիտասարդը սպանվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վաղարշապատի բժշկական կենտրոնից, 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում է ստացվել  այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերվել է մահացած երիտասարդին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին: 

Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել