Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններին համահունչ, քանի որ այլևս որպես խափանման միջոցի հիմք նախաքննությանը խոչընդոտելը գոյություն չունի, հետևաբար միջնորդել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մեր պաշտպանյալ Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ՝ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի կամ վերացվի:

Այս մասին հայտնում է Ներսիսյանի փաստաբան Էմին Խաչատյանը։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե:

2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել