Մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ 200 հազար դրամ տուգանք․ նոր նախագիծ՝ վարչապետի աշխատակազմից

Վարչապետի աշխատակազմը առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ՝

  • ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը,
  • հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

«Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանել տուգանք, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` 200 հազար դրամի չափով:

Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձևով։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու և տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել