Աղավնոյի անցակետում մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային ժողովում երեկ հնչեցին հայտարարություններ որոնք կարելի է բաժանել երկու խմբի.

1) 44-օրյա պատերազմի մանրամասներ, հենց իշխանությունների կողմից շրջանառված թեզերի ոչնչացում: Մի շարք ինքնախոստովանություններ, որոնք այսօրվա իրավապահները չեն նկատելու: Պատկերացրեք, այս ամենը խոսում է մի մարդ, ով ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա ասում է մի մարդ, ով հստակ հրաժարվեց բանակցային գործընթացից, քանի որ ինքը սկսում էր «Զրոյական կետից»: Սա է ազնվության բացակայությունը և պոպուլիզմը: Կարծում եմ հենց դրանից է, որ բազմաթիվ ՀԵՐՈՍՆԵՐԻ ծնողներ իրենց մեղմ ասած զայրույթը հենց այսօր են արտահայտում, հենց այդ բացահայտումներից հետո:

2) Երկրորդ խումբը այս իշխանությունների խոստացած «ապագայի» մասին է: Իշխանությունները, որոնք մեր իրականությունը հասցրել են այն կետին, որ ընդդիմադիր պատգամավորները չկարողանան մուտք գործել Արցախ՝ հայտարարեցին, որ չեն պատրաստվում պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունը: Հստակ պատրաստվում են Արցախի հայաթափմանը: Պատճառաբանում են, որ ԻՐԵՆՔ, այս իշխանություններն այլ տարբերակ չունեն: Եկեք հստակ ֆիքսենք այս իշխանություններին ՀԱՅ ՄԱՐԴ նման մանդատ չի տվել, երբեք ՉԻ ՏՎԵԼ: 2022 թվականի ապրիլի 13-ից հասարակության մեջ այլևս չկա ենթադրություն կամ վերլուծություն: Այս իշխանությունները պատրաստ են հանձնել ամեն ինչ, հրաժարվել ամեն ինչից: Այլևս սրանք բաց ու հստակ փաստեր են բոլոր բոլորի համար: Այս իշխանությունները Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետ կապ չունեին ու դա այլևս ասում են՝ ուղիղ:

Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ Արցախի Աղավնոյի անցակետում այդ անասելի տհաճ պայմաններում, մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները եկել էին հանդիպելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին: Կարծում եմ այդ հանդիպման խորհուրդը պետք է լինի այն, որ մենք, մեր Հայրենակիցները, ընդդիմությունը, ոչ իշխանական բոլոր ուժերը, բոլորս՝ չենք հանդուրժելու այս իրավիճակը, համախմբվելու ենք, դուրս ենք գալու թմբիրից, արդյունավետ ու վճռական ենք լինելու: Վստահ եմ գիտեք՝ այլ տարբերակ չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել