Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 3-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-54-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշված է հրամանագրում:
Կենսագրություն
Ծնվել է 1984 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2007 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2009 թվականից 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար:
2012 թվականից 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2012 թվականից 2016 թվականը դասավանդել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում (ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջ):
ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ
2007 թվականից 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում: