Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Հ. Ռ. Գեղամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ հիշյալ հոդվածի` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ: Հոդվածը սահմանում է նաև ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով:
Հ.Ռ. Գեղամյանը, Շենգավիթ վարչական շրջանում ծանոթանալով Երևան քաղաքի բնակիչ Արա Կ. Գ.-ի հետ, պայմանավորվել է վերջինիս պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայով զբաղվել գյուղմթերքների առևտրով: Գիշերը, երբ արդեն վաճառել է գրեթե ողջ ապրանքը, որոշել է բակում գարեջուր խմել: Ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, փախցրել է Երևան քաղաքի բնակիչ Արա Կ. Գ.-ին պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև վաճառել է ավտոմեքենայի մասերը` Արա Կ. Գ.-ին պատճառելով ընդհանուր առմամբ խոշոր չափերի` շուրջ 694.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին:
Ինչպես Իրավաբան.net-ին տեղեկացրին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրից, Հ. Ռ. Գեղամյանը վարույթն իրականացնող մարմնին չի տեղեկացրել իր բնակության վայրի փոփոխության մասին և դատարանը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել: Արդյունքում, խափանման միջոցը փոփոխվել է կալանավորման: Մինչև նրան հայտնաբերելը քրեական գործի վարույթը կասեցվել էր:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net