Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անչափահաս Գևորգ Գ.-ի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսինքն` մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանն անցնելով:
Տեղեկացնենք, որ նշված հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ` տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով (100 հազար դրամից 250 հազար դրամ):
Հոդվածը սահմանում է նաև կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Տեղեկացնենք, որ Գևորգ Գ.ն մի խումբ անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ պաշտպանվելու նպատակով իր մոտ եղած դանակով հարվածել է վեճի մասնակիցներից երկուսին:
Նրանցից մեկին պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, իսկ մյուսին` միջին ծանրության վնաս։
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողների հսկողությանը հանձնելը:
Աղբյուրը` Իրավաբան.net