Ժորժիկ Բաղումյանը իրավապահ և դատական համակարգերի հերթական զոհն է. փաստաբան

Ապրիլի 30-ին, ժամը՝ 11.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի կունենա փաստաբան Մուշեղ Շուշանյանի ասուլիսը: Թեման՝ «Իրավապահ և դատական համակարգի հերթական զոհը»: 

Ըստ փաստաբանի` «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ապօրինաբար պահվում են տասնյակ մարդիկ, ում մեղավորությունն ոչ միայն ապացուցված չէ դատավճռով, այլև խիստ կասկածահարույց է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Օրերս մահացած Ժորժիկ Լևոնի Բաղումյանի վերաբերյալ քրեական գործը քննվում էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Նա կալանքի տակ է գտնվել 2012թ. հոկտեմբերի 27-ից:

Ժ. Բաղումյանը իրավապահ և դատական համակարգերի հերթական զոհն է: Նրա նկատմամբ կալանքը չի հետապնդել ՀՀ օրենսդրությամբ կամ ՀՀ մասնակցությամբ միջազգաին պայամանգրերով նախատեսված որևէ իրավաչափ և թույլատրելի նպատակ: Նրա նկատմամբ կիրառված կալանքը հետապնդել է նրան պատժելու, նրան ունեզրկելու և նրա գույքին տիրանալու նպատակ: Նրա մահվան համար ուղղակիորեն մեղավոր են և պետք է պատասխանատվության առաջ կանգնեն առնվազն հետևյալ պաշտոնատար անձինք՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, Երևանի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանը:

Ժորժիկ Բաղումյանը «Գոլդ Էներջի» ՍՊԸ սեփականատերն էր: Ընկերությունը զբաղվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը զրահատեխնիկայի համար էլեկտրական մարտկոցների (ակումուլյատորների) արտադրությամբ և մատակարարմամբ:

Էլ. մարտկոցների արտադրությունը դեռևս 1990-ականների սկզբին հիմնադրել է Ժորժ Բաղումյանի հայրը՝ Լևոն Բաղումյանը, ով տեղափոխվելով ԱՄՆ-ից Հայաստան, իր մեծ ներդրումն է բերել Արցախյան ազատամարտի գործին, օժանդակելով ինչպես դրամով, զենքով, այնպես էլ բանակի համար արտադրելով էլ. մարտկոցներ: Նրա կողմից հիմնադրված էլ. մարտկոցների արտադրությունը Հայաստանում եղել է միակը, ով ունակ է եղել բանակին մատակարարել տեղական արտադրության էլ. մարտկոցներ զրահատեխնիկայի համար: Լևոն Բաղումյանի մահից (1997թ.) հետո այդ գործը շարունակել է որդին՝ Ժորժիկ Բաղումյանը:

Ժորժ Բաղումյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը): Ժ. Բաղումյանի կալանքի ժամկետը պարբերաբար՝ 2 ամիսը մեկ, դատարանի որոշումներով երկարաձգվել է, չնայած այն հանգամանքին, որ նրան տևական կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չի եղել: Ժ. Բաղումյանը ունեցել է բազում առողջական խնդիրներ՝ հետինֆարկտային կարդիոսկլերոզ, շաքարային դիաբետ, 2-րդ տիպ, ինսուլին պահանջող ձև, զարկերակային հիպերտենզիա և այլն: Չնայած նշված հանգամանքին և ուղղակի նախազգուշացումներին, որ նրա կալանքի ժամկետի երկարացումն, ըստ էոթւյան, մահվան վճիռ է նրա նկատմամբ (նամանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ ապահովել իր քրեակատարողական հիմնարկներում համարժեք և պատշաճ բժշկական օգնության ցուցաբերումը), Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննիչի միջնորդության հիման վրա պարբերաբար երկարացրել է նրա կալանքի ժամկետը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այդ որոշումների դեմ բերված բողոքները մերժել է»:

 

Լուսանկարը` Ֆոտոլուր-ի

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել