2 բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Սյունիքի մարզում ներկայումս սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են ընթանում:

«Այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ դրանք անհրաժեշտ են Սյունիքի եւ ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր եւ պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձեւավորում»։ «Այնտեղ երկու բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնց հետ կապված որոշակի սահմանային հարցեր կան, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,- հավելել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել