Պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին` պաշտպանի և վստահորդի միջև փոխհամաձայնեցված պայմաններով կամ պաշտպանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:
Նշանակված պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական բյուջեի հաշվին, եթե վստահորդը պաշտպանի հետ չի կնքել համաձայնություն և պաշտպանը չի հայտարարել անվճար օգնություն ցույց տալու մասին: Նշանակված պաշտպանին վճարվելիք գումարների չափը որոշվում է պաշտպանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին հաշիվ ներկայացնելուց հետո մեկ ժամվա աշխատանքի համար` դատախազի մեկ ժամվա աշխատավարձի չափով: Դատարանն իրավունք ունի դատապարտյալի վրա դնել նրան ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կրած ծախսերի հատուցումը, բացի այն դեպքերից, երբ կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնությունը պետք է ցույց տրվի անվճար` օրենքի դրույթներին համապատասխան:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնության վճարից լրիվ կամ մասնակի ազատելու մասին կայացնում է պատճառաբանված որոշում:
Նշենք նաև, որ քրեական գործով վարույթին որպես նշանակված պաշտպան մասնակցող փաստաբանի իրավաբանական օգնությունը պաշտպանությունից հրաժարված կասկածյալին և մեղադրյալին ցույց է տրվում անվճար, եթե պաշտպանությունից նրանց հրաժարվելը չի ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:
Աղբյուր՝ Իրավաբան.net