Տղամարդը փեսայի անունով առաքանիներ է ուղարկել Հայաստան՝ ներսում թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մի բնակիչ փոստային առաքանիների միջոցով իրականացնում է Մեքսիկայից թմրամիջոցների անօրինական ներմուծում և դրանց իրացում Հայաստանում: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մեքսիկայից Ն.Ղ-ի անվամբ ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և «Զվարթնոց» բաժինների աշխատակիցները, ՀՀ Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մասնակցությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային զննման են ենթարկել Մեքսիկայից ներմուծված առաքանին: Արդյունքում առաքանու ստվարաթղթե արկղի կողային 3 պատերում քողարկված հայտնաբերվել են «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 1000 բլոտտեր: 

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերով ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություններ են իրականացվել Երևանում գտնվող 3 տարբեր հասցեներում: Հասցեներից մեկում հայտնաբերվել են «Մարիխուանա», «Հաշիշի յուղ», «Մեթամֆետամին» և «Կոկաին» տեսակների թմրամիջոցների զանգվածներ, «Smith & Wesson» տեսակի ատրճանակ, սվին դանակներ, ինչպես նաև խոշոր չափի կանխիկ գումար:

Հիշյալ հասցեի բնակիչ Տ.Գ-ն, ով հանդիսանում է Ն.Ղ-ի դստեր ամուսինը, Քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել