«Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները ընդունել են ՀԴՄ կեղծ կտրոններ և ստացել կաշառք

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Անուշ Կ.-ի և Քնարիկ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Այսպես, Անուշ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, օժտված է եղել կարգադրիչ, վարչատնտեսական լիազորությամբ և 2010թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում չարաշահելով իր լիազորությունները` Սամվել Թ.-ի կողմից հավաքված ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում կեղծ կտրոններ է ընդունել տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեներով և ելքագրել 35.748.000 դրամի բոնուսային գումար` պետությանը պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս: Հիշյալ գործողությունները կատարելու համար ստացել է 700.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք: Բացի այդ, դրդել է X փոստային բաժանմունքի պետ Քնարիկ Մ.-ին նույն ձևով և նույն ժամանակահատվածում կեղծ ՀԴՄ կտրոնների խմբաքանակը տարբեր քաղաքացիների անվամբ ձևակերպել ու ելքագրել է 27.837.100 դրամ բոնուսային գումար ու ստացել 35.000 դրամ առևտրային կաշառք: Բացի այդ, Քնարիկ Մ.-ն, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 2010թ. հոկտեմբերի 9-ին յուրացման եղանակով հափշտակել է «Հայփոստ» ՓԲԸ հատկացված 469.956 դրամ գումարը:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել