Համիրավ պահանջը ծագում է, եթե պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան: Օրինակ, վաճառվել է երեք համասեփականատեր ունեցող անշարժ գույք: Այս պարագայում գույքի դիմաց վճարի պահանջը համիրավ է:
Պահանջների համիրավության դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնել պարտապանին:
Մինչև համիրավ պարտատերերից մեկի պահանջ ներկայացնելը, պարտապանն իրավունք ունի իր հայեցողությամբ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարել պարտավորությունը:
Համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորությունը լրիվ կատարելը պարտապանին ազատում է մյուս պարտատերերի հանդեպ պարտավորությունը կատարելուց:
Պարտապանից կատարում ստացած համիրավ պարտատերը պարտավոր է մյուս պարտատերերին հավասար բաժիններով հատուցել նրանց հասանելիքը, եթե այլ բան չի բխում նրանց հարաբերություններից:
Պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են պարտապանի և այլ համիրավ պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտատերը չի մասնակցում:
Աղբյուրը` Իրավաբան.net