Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու կարգը

Համաձայն «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այսպես.

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`

1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը.

2) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկանքը դիակային դոնորի` մահից հետո անձի (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության բացակայության մասին.

3) դիակային դոնորի հարազատներից որևէ մեկի համաձայնությունը` ըստ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթության.

4) դատաբժշկական փորձագետի գրավոր համաձայնությունը բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում.

5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

Վերը նշված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ:

Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունը եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո` մեկօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:

Բժշկական հանձնաժողովը չի կարող տալ իր դրական եզրակացությունը, եթե դիակային դոնորի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով սահմանված հակացուցումներից որևէ մեկը:

Հիշեցնենք, որ կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը:

Արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել