Կարո՞ղ է կողմը վարչական դատարանում հանդես գալ իր նախընտրած լեզվով

Վարչական դատավարությունը տարվում է հայերեն:

Կողմը, իր ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը: Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին:

Կողմ հանդիսացող ֆիզիկական անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և կողմն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

Վարչական դատարանի կողմից նշանակված փորձագետին և դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին:

Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում թարգմանիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով:

Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար, ծանոթանալու դատական նիստերի կամ առանձին դատավարական գործողությունների արձանագրությանը և դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման կապակցությամբ:

Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ դատարանը թարգմանչից ստորագրություն է վերցնում:

Խուլ և համր անձանց համար ապահովվում է գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությունը՝ սուրդոթարգմանչի միջոցով` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել