Կառավարությունը որոշել է թույլատրել ԲԿ-ներին արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել։ Հաստատվել է նաև նշված գործողությունների իրականացումը թույլատրելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։
Մայիսի 27-ին այս որոշումը ուժի մեջ է մտել։
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԵԾԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ) ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների (այսուհետ` Բժշկական կազմակերպություն) կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու նպատակով Բժշկական կազմակերպություններին թույլատրվում է իրականացնել իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ բաժնով նախատեսված ինֆեկցիոն և 14.1-ին բաժնով նախատեսված ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքների սարքավորումների և բժշկական գործիքների հագեցվածությունը բավարարելու պայմանով՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի նախաձեռնությամբ:
3. Բժշկական կազմակերպություններին իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակի իրականացումը թույլատրելու մասին որոշում կայացնելիս առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատում է վարակի տարածման ծավալները, Բժշկական կազմակերպության աշխարհագրական տեղակայման վայրը, չլիցենզավորված Բժշկական կազմակերպությունների կողմից նման ծառայության մատուցման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը:
4. Բժշկական կազմակերպություններն իրենց լիցենզիաներով չնախատեսված բժշկական օգնության և սպասարկման (վարակիչ հիվանդությունների (մեծերի և մանկական) տեսակ) գործընթացն իրականացնելիս առաջնորդվում են առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով և պացիենտի վարման գործելակարգերով: