Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վլադիմիր Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, 17.05.2012թ-ին` ժամը 22-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող Քենդի-Շոպ խանութի մոտից ձեռքից քաշելով, ստիպողաբար անչափահաս, 1995թ. հուլիսի 12-ին ծնված, Հովհաննես Ա.-ին տարել է Համբարձումյան 9 հասցեում գտնվող շենքի մոտ, որտեղ վերջինիս գույքը հափշտակելու նպատակով, թողնելով ձեռքը, հարձակում է գործել նրա վրա, դանակի ցուցադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից գումար է պահանջել։ Հովհաննես Ա.-ն, օգտվելով իր ձեռքը բաց թողնելու հանգամանքից, դիմել է փախուստի, որի պատճառով Վ. Գրիգորյանն չի կարողացել տիրանալ գումարին։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի` ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net