Ուրիշի գույքի տիրապետումը կարող է լինել ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ:
Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, ով գիտեր կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին (անբարեխիղճ տիրապետող), պահանջել վերադարձնելու կամ հատուցելու նաև այն բոլոր եկամուտները, որոնք այդ անձն ստացել է կամ կարող էր ստանալ գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ տիրապետողից` վերադարձնելու կամ հատուցելու այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ սկսած այն պահից, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին կամ ծանուցում է ստացել գույքը վերադարձնելու մասին սեփականատիրոջ հայցով:
Ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից:
Բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net