Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության խիստ սահմանափակումներին զուգահեռ Կոտայքի մարզում մեկնարկել և այս պահին ակտիվ փուլում են գտնվում գարնան գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքները:
Այս պահի դրությամբ մարզի բնակավայրերում ընթանում են վարի ու ցանքի նախապատրաստական, իսկ ցածրադիր գոտիներում՝ նաև հացահատիկային կուլտուրաների ցանքի աշխատանքներ:
Տեղեկացնեմ, որ արդեն իսկ իրականացվել է 1550 հա գարնանացան գարու և մասամբ նաև՝ հաճարի ցանք:
Ըստ մեր կանխատեսումների, եղանակային բարենպաստ պայմանների պարագայում գարնանացան հացահատիկային ցանքերը կկազմեն շուրջ 5500 հա, որը նախորդ տարվա համեմատ ավել կլինի 480 հա-ով:
Պետք է նշեմ, որ մարզի այգիներում այս պահին ընթանում են էտի ու ձևավորման, բուժման և պարարտացման, ինչպես նաև բանջարանոցային կուլտուրաների սածիլների աճեցման աշխատանքներ:
Ինչ վերաբերում է անասնապահության բնագավառին, ապա ընդգծեմ, որ պետական պատվերի շրջանակներում իրականացվում է արյան նմուշառման և դաբաղ հիվանդության կանխարգելիչ վակցինացման աշխատանքներ:
Այս ամենը, անշուշտ, ոգևորում է, բայց մեր գյուղացիական և ֆերմերական տնտեսություններին, գյուղատնտեսական կոոպերատիվներին ևս մեկ անգամ կոչ եմ անում ակտիվ մեկնարկել գարնան գյուղատնտեսական շրջանի աշխատանքները, ակտիվորեն դիմել նաև Կառավարության կողմից առաջարկվող՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով» նախատեսված ճգնաժամի հետևանքները մեղմող գյուղատնտեսական ծրագրերին, իսկ, մասնավորոպես, մեր համայնքների ղեկավարներին՝ աջակցել գյուղատնտեական աշխատանքների իրականացման ընթացքին ու կանգնել մեր գյուղաբնակ քաղաքացիների կողքին՝ բարեհաջող գյուղատնտեսական տարի ունենալու և գյուղատնտեսական տարվա ավարտին ցանկալի արդյունքներ արձանագրելու համար:
Դե իսկ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am կայքում:
Առո՛ղջ եղեք»: