Անհատ ձեռնարկատեր Աղավնի Մնացականյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության` 21.12.2011թ. թիվ 2106082 ակտը վերացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աղավնի Մնացականյանի` 300.000 դրամ տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Վիճարկվող ակտում նշված է. «Հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի մոտ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ պետի 24.11.2011թ. թիվ 2206211 հանձնարարագրով կատարված հսկիչ գնման ուսումնասիրության արդյունքում կազմված թիվ 2206211 արձանագրությունը, …..»։ Այսինքն, համաձայն վիճարկվող ակտի` հայցվորի կողմից ՀԴՄ-ի շահագործման կանոնի խախտման հանգամանքը արձանագրելու համար հիմք է հանդիսացել հսկիչ գնման արդյունքում կազմված արձանագրությունը։
Հսկիչ գնման արձանագրությունում կատարված գրառման համաձայն` վաճառող-գանձապահ Աղավնի Մնացականյանը գումարը չի մուտքագրել ՀԴՄ և չի տրամադրել համապատասխան կտրոն, ուսումնասիրության հանձնարարագիրը ներկայացվել է ծանոթացման։ Հանձնարարագրին ծանոթանալու վերաբերյալ նշումը բացակայում է գործում առկա` 24.11.2011թ. թիվ 2206211 հանձնարարագրի վրա։ Մինչդեռ տեսուչների կողմից կազմվել է արձանագրություն այն մասին, որ Աղավնի Մնացականյանը հրաժարվել է ստանալ հանձնարարագիրը։ Թեև հսկիչ գնման արձանագրությունում նշված է գնված ապրանքների հետ վերադարձման մասին, սակայն, նշված հանգամանքը հիմնավորող ապացույց դատարանին չի ներկայացվել:
Դատարանը վճռեց անհատ ձեռնարկատեր Աղավնի Մնացականյանի հայցը բավարարել, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աղավնի Մնացականյանի` 300.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել։
Աղբյուրը` Իրավաբան.net