Ա. Շ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի` գույքն ու դրամական միջոցներն արգելանքից հանելու և գործը կարճելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի ՔԲ Ստեփանավանի քննչական բաժանմունքում 2010թ. մայիսի 7-ին հարուցվել է թիվ 53103010 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գործող «Այգեկի Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Շ.-ի կողմից 2006-2009թթ. ընթացքում հարկման հիմք համարվող փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ։
Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ա.Շ.-ն հիշյալ ժամանակահատվածում չարամտորեն խուսափել է խոշոր չափերով` ընդհանուրը 11.942.200 դրամ շահութահարկը, եկամտահարկը, ավելացված արժեքի հարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարելուց, որից առաջացել են տույժեր և տուգանքներ` ընդհանուրը 13.742.200 դրամի չափով։
2010թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Լոռու մարզի դատախազությունն ընդդեմ Ավագ Շահինյանի` գումարի բռնագանձման պահանջով։
2011թ. հունիսի 1-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է և վճռել պատասխանող Ա.Շ.-ից բռնագանձել 13.742.200 (տասներեք միլիոն յոթ հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում` բռնագանձումը տարածելով վերջինիս գույքի վրա։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.12.2010թ. տրված ԱՐԴ1/0824/02/10 կատարողական թերթի համաձայն` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Փարսադանյանի 16.06.2011թ. որոշմամբ հայցագնի` 13.742.200 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Ա.Շ.-ի գույքի և դրամական միջոցների վրա։ Ա.Շ.-ի կողմից ՀՀ Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվեհամարին ամբողջությամբ վճարվել է ընդհանուր 11.942.200 դրամ:
Ա.Շ.-ի կողմից 27.03.2011թ. ներկայացված դիմումով խնդրվել է «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (կատարողական վարույթի պահանջը փաստացի կատարվել է, հարուցված վերոնշյալ կատարողական վարույթը կարճել, քանի որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ինքն ազատվել է ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերը և տուգանքները վճարելու պարտավորությունից) վճռով սահմանված 13.742.000 ՀՀ դրամը վճարելուց։
Հայցի ապահովման միջոցը կարող է վերացվել գործը քննող դատարանի որոշմամբ։ Այսինքն` հարկադիր կատարողն առանց դատարանի համապատասխան որոշման հիման վրա տրված կատարողական թերթի չի կարող վերացնել հայցի ապահովման միջոցը։
Սույն գործով դատարանը վճռեց Ա.Շ.-ի հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի` գույքն ու դրամական միջոցներն արգելանքից հանելու և գործը կարճելու վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net