Աշխատանքի տեղավորման հարցով անձի հաշվառումն իրականացնում է նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն):
Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող անձի հաշվառումը կատարվում է տարածքային կենտրոնի տնօրենի կողմից կնքված ու ստորագրված հաշվառման գրանցամատյանում:
Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող անձը որպես աշխատանք փնտրող` չզբաղված հաշվառվելու համար ներկայացնում է`
1. անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
սոցիալական քարտը կամ տեղեկանքը,
2. ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
3. զինվորական գրքույկը` զինվորական ծառայություն անցած անձինք,
4. կրթության մասին փաստաթուղթը` կրթություն ունեցողները:
Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող հաշմանդամը, նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված` հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանք:
Տարածքային կենտրոնն անձին հաշվառելուց հետո վերադարձնում է նրա կողմից ներկայացված փաստաթղթերը, բացառությամբ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի:
Աշխատանք փնտրող` չզբաղված անձը հանվում է հաշվառումից, եթե`
ա) դարձել է զբաղված` օրենքով սահմանված կարգով` բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի,
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
գ) 6 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի ներկայացել տարածքային կենտրոն,
դ) տեղափոխվել է տարածքային կենտրոնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր,
ե) ներկայացրել է դիմում` իրեն հաշվառումից հանելու մասին,
զ) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ,
է) ազատազրկվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման,
ը) մահացել է։
Աղբյուրը` Իրավաբան.net