ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակչի՝ ծնված 1981 թվականին, և վերջինիս կնոջ՝ ծնված 1972 թվականին, միջև պարբերաբար կենցաղային բնույթի վեճեր են տեղի ունեցել, որոնց պատճառով ամուսինները 2017թ. հունվարին ամուսնալուծվել են: Սակայն 37-ամյա տղամարդը շարունակել է լարված հարաբերությունների մեջ գտնվել նախկին կնոջ հետ:
2017թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, համայնքապեատրանի վարչական շենքում երեխային տեսակցելու հարցի շուրջ 37-ամյա տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ քաշքշել է, աջ ձեռքը ոլորել՝ պատճառելով աջ արմնկահոդի շրջանի ներսային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, հոդի կապանային ապարատի գերձգվածության, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղված տեղամասի ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այնուհետև տեղեկանալով, որ երեխան և կինը գտնվում են վերջինիս առաջին ամուսնու ծնողների տանը, 2017թ. հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան անդամների կամքին հակառակ, խախտելով վերջիններիս բնակարանի անձեռնմխելիությունը, ոտքով կոտրել է տան դռան փականը և ապօրինի մուտք գործել առանձնատուն: Հանդիպելով դիմադրության՝ ձեռքով հրել է կնոջ առաջին ամուսնու մորը, որի պատճառով վերջինս կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել՝ ստանալով ձախ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածքի և ձախ մեծ ոլոքի դրսային կոճի ներհրված փակ կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ՝ առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Բացի այդ, տղամարդը դանակով սպանության սպառնալիքներ է հնչեցրել նախկին կնոջը և նրա առաջին ամուսնու մորը, որից հետո կոտրելով ննջարանի դռան ապակին՝ այնտեղից դուրս է բերել մանկահասակ երեխային՝ փորձելով իր հետ տանել: Սակայն հանդիպելով իր նախկին կնոջ դիմադրությանը՝ բռունցքի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ ակնակապիճի վերին և ստորին կոպերի արյունազեղման, ստորին կոպի արյունահավաքի, ձախ ակնագնդի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 37-ամյա տղամարդը քարերով վնասել է նախկին կնոջը պատկանող ավտոմեքենան, քարերով կոտրել տան պատուհանների ապակիները և վնասել տան մոտ կայանված մոտոցիկլետը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Մինչդատական վարությում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: