Քաղաքապետարանը պատրաստվում է ձյան առատ տեղումներին ու տոնական օրերին

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրվել են հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին մի շարք ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով: Կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աղբահանության կազմակերպումն ապահովել լրացուցիչ հատուկ ժամանակացույցով:

«Կապված տոների հետ, բնականաբար, աղբը մայրաքաղաքում ավելի շատ կլինի և այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել: Եթե նախկինում աղբը հավաքվում էր ավելի քիչ ժամանակահատվածում, այդ օրերին ավելի արագ է հավաքվելու: Այնպես որ, պետք է ավելի շատ աշխատել»,- ընդգծել է քաղաքապետը:

«Երքաղլույս» ընկերությանը հանձնարարվել է քննարկել և առաջարկներ ներկայացնել տոն օրերին արտաքին լուսավորության ժամանակացույցը վերանայելու վերաբերյալ:

Անդրադառնալով «Շտապբուժօգնություն» ընկերության զեկույցին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բնակիչների կանչերին առավել արագ արձագանքելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական համակարգ՝ փողոցներում առկա հնարավոր խցանումների մասին նախապես տեղեկացված լինելու համար:

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 28-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ, այդ թվում՝ ձյան տեսքով: Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է լինել պատրաստ և ձնամաքրումը կազմակերպել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչների համար դժվարություններ չառաջանան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել