Վահե Ավետյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները հերթական դատական նիստի ժամանակ Երևանի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործը քննող դատավոր Դավիթ Հարությունյանին ներկայացրին միջնորդություններ և խնդրեցին արդյուքնում ձեռք բերված ապացույցները կցել քրեական գործին, ինչը, ըստ նրանց, կնպաստի գործով հանցագործության ամբողջական պատկերի բացահայտմանը: Առաջիկա դատական նիստին` հոկտեմբերի 17-ին, դատարանը կլսի դատավարության կողմերի կարծիքները միջնորդությունների վերաբերյալ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ներկայացնում ենք ստորև.
.
«10.10.2012թ.
.
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Թիվ 17115012 քրեական գործի վերաբերյալ
.
Հարգելի դատարան,
.
Սույն թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, որի վարույթում է գտնվում թիվ 17115012 քրեական գործը, հայտարարել էր գործի մի մասով նախաքննության ավարտ: Օգոստոսի 10-ին և 20-ին մենք նախաքննության մարմնին էինք ներկայացրել գործի վերաբերյալ ըստ էության միջնորդություններ, որոնցով վեր էինք հանել նախաքննության ընթացքում տեղ գտած մի շարք լուրջ բացթողումներ և սխալներ` ակնկալելով, որ նախաքննության մարմինը կդրսևորի գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու կամք և կբավարարի դրանք: Նման մոտեցում նախաքննության մարմինը չի դրսևորել և ամբողջությամբ մերժել է մեր միջնորդությունները: Գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը` ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի տեղակալ Ա. Դավթյանը նույնպես իր որոշմամբ մերժել է նախաքննության մարմնի որոշման դեմ բերված մեր բողոքը: Հաշվի առնելով այս հանգամանքը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածով մեզ ընձեռված հնարավորությունից` սույնով դատարանին ենք ներկայացնում ենք մեր միջնորդությունները նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին:
.
1. Այսպես` գործի նյութերի ուսումնասիրությունից մեզ համար պարզ էր դարձել, որ քննիչի կողմից առգրավվել էր “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորը: Ընդ որում, հատկանշական է, որ չէր կատարվել լիարժեք զննություն ռեստորանային համալիրի տարածքում՝ պարզելու, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկներ: Հարկ է նկատել, որ տեսախցիների առկայությունը ճշտելու վերաբերյալ հարցերին վկաներ Խաչատուր Սարգսյանը (II հատոր գ. թ. 169) և Կարլեն Ստեփանյանը (II հատոր գ. թ. 177-178) հայտնել են, որ ռեստորանային համալիրի տարածքում եղել են տեսախցիկներ: Միաժամանակ, որևէ գործողություն չի կատարվել` պարզելու, թե արդյոք քննիչի կողմից առգրավված պրոցեսորը եղել է այն միակ հնարավոր կրիչը, որի վրա կարող էր պահպանվել հանցագործության տեսաձայնագրությունը:
.
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի` քննիչի կողմից առգրավված և զննած տեսանկարահանման սարքերին միացված համակարգչի “ROOT” գրառումով պրոցեսորի զննության արդյունքում քննիչը պարզել էր, որ “DVRNET” ծրագրի օգնությամբ կատարված վերջին տեսագրությունը կատարվել է 17.11.2011 թվականին: Ընդ որում, այս հանգամանքը պարզելու նպատակով քննիչի կողմից կատարվել էր ընդամենը “DVRNET” ծրագրի ավտոմատ գործարկում: Այլ խոսքով, տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրության պարունակության պես կարևորագույն տեղեկատվությունը պարզելու հարցում քննիչը սահմանափակվել էր ընդամենը համակարգչի մկնիկի մեկ գործողությամբ: Այնինչ, նշված համակարգիչը և դրանում պարունակվող կրիչները պետք էր անմիջապես ներկայացնել համապատասխան մասնագետների/փորձագետների ուսումնասիրությանը և նրանց օգնությամբ փորձել պարզել, թե արդյոք նշված կրիչներում պարունակվող տեղեկատվությունը չէր մաքրվել կամ հեռացվել և արդյոք հնարավոր էր այդ տեղեկատվությունը վերականգնել: Ի դեպ, “ROOT” պայմանանունն է հիմնականում կրում համակարգչային ցանցի համակարգիչներից գլխավորը, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ գոյություն է ունեցել համակարգիչների ցանց և այդ ցանցում առգրավվածը և զննվածը եղել է գլխավորը, իսկ այդ պարագայում հնարավոր է, որ տեղեկատվական բազան լիներ ցանցի այլ համակարգչում: Այս ամենը պարզելու համար ևս չեն կատարվել համապատասխան գործողություններ: Բացի այդ, խիստ կասկածելի է նաև այն, որ այդ “ROOT” գրառումով պրոցեսորի զննության գործողությունը /I հատոր գ.թ. 44-47/ կատարվել է երկու ընթերակաների մասնակցությամբ, որոնց, ըստ էության, հնարավոր չէ գտնել, քանի որ բացակայում են նրանց հասցեները, և հայտնի է միայն, որ նրանք Գյումրի քաղաքից են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք գոյություն չունեցող ընթերականեր են: Բացի այդ առանց համապատասխան գիտելիքների առկայության քննիչը կամայականորեն ձեռնպահ է մնացել առգրավված հիշողության կրիչը կամ, ինչպես նշված է վերևում, պրոցեսորը իրեղեն ապացույց ճանաչելուց` առանց ենթադրելու, որ հասարակ զննությամբ չհայտնաբերված տվյալները, որոնք հեռացվել են համակարգչի հիշողությունից կարող են վերականգնվել համապատասխան մասնագետների կողմից:
.
Այս կապակցությամբ միջնորդում ենք.
.
1. Բոլոր առգրավված իրերը, այդ թվում՝ “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորը ճանաչել իրեղեն ապացույց` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի, կցել գործին և ստուգման ենթարկել առգրավված իրերի և իրեղեն ապացույցների պահպանության ապահովման հարցը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116, 117 -րդ հոդվածների պահանջների համաձայն:
.
2. Պարզել վերոնշյալ պրոցեսորի, հիշողության կրիչի անհատականացման տվյալները, գործարանային սերիական համարները:
3. Կատարել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի առգրավված տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորի կրկնակի հետազոտություն՝ պարզելու, թե արդյոք քննիչի կողմից կատարված զննությունը եղել է ամբողջական: Այս կապակցությամբ, համաձայն ՔԴՕ 350-րդ հոդվածի` միջնորդում ենք տեղանքի և “Հարսնաքար” ռեստորանային համալիրի շենքի զննություն:
.
4. Պարզել արդյոք “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորի առգրավման և զննության վերաբերյալ կազմված արձանագրություններում նշված ընթերականերն իրականում գոյություն ունեն և, եթե այո, դատակոչել այդ անձանց (Հովհաննես Գեղամի Բարսեղյան /ծնվ.՝ 1955թ. բնակվող՝ ք. Գյումրի/, Արկադի Նիկոլայի Սեմյոնով /ծնվ.՝ 1964թ. բնակվող՝ ք. Գյումրի/ ):
.
5. Նշանակել համապատասխան փորձաքննություն` պարզելու, թե արդյոք առգրավված համակարգչի հիշողության կրիչում պահպանվել են տվյալներ հանցագործության կատարման օրվա դրությամբ (17.06.2012), և եթե ոչ, ապա հնարավոր է, որ դրանք հեռացված լինեին կամ փոփոխված լինեին առկա ֆայլերի ստեղծման ամսաթվերը: Բացի այդ, փորձագետներից ճշտել` արդյոք կարող են դրանք վերականգնվել և համապատասխան մասնագետներին հանձնարարել վերականգնել հիշողության կրիչի վրայից հեռացված ողջ տեղեկատվությունը:
.
6. Կատարել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքի ամբողջական զննութուն՝ պարզելու, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկները կամ հանցագործության դեպքից հետո տեսախցիկների ապամոնտաժման դեպքում, որ մասում են դրանք տեղակայված եղել,
.
7. Առգրավել ռեստորանային համալիրում եղած բոլոր պրոցեսորները և արդեն իսկ առգրավված պրոցեսորի հետ մեկտեղ ներկայացնել մասնագետներին՝ պարզելու, թե արդյոք այդ կրիչների վրա պարունակվում են դեպքի օրվա տեսաձայնագրության ֆայլեր, իսկ դրանց բացակայության դեպքում պարզել՝ արդյոք դրանք չէին կարող ջնջված լինել էլեկտրոնային կրիչներից:
.
8. Բացի այդ, նաև համեմատական ստուգման ենթարկել առգրավված պրոցեսորի ժամանակագրական կարգավորումների և իրական ժամանակի միջև առկա տարբերությունները, ինչպես նաև պարզել՝ արդյոք կատարվել են ժամանակի կարգավորման փոփոխություններ: Համապատասխան փորձագետ-մասնագետներին հանձնարարել պարզել կրիչների պարունակությունը և վերականգնել այդ հիշողության կրիչների ողջ տեղեկատվությունը:
.
9. Նշանակել դատահամակարգչա-տեխնիկական փորձաքննություն:
,
2. Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության` այն կատարվել էր 19.06.2012թ. և բացակայել են գրառումներ արյան հետքերի առկայության վերաբերյալ, այնինչ տուժողների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից երևում է, որ նրանցից առնվազն երեքը ստացել են քթի կոտրվածք, ինչի առկայության պարագայում բավական մեծ քանակի արյան արտահոսք է լինում, ինչն ապացուցում է նաև գործով, որպես միակ իրեղեն ապացույց ճանաչված, տուժող Արտակ Բայադյանի վերնաշապիկը, որն ամբողջությամբ պատված է արյան հետքերով: Այդուհանդերձ, արյան հետքերի բացակայությունը վարույթ իրականացնող մարմնի մոտ ոչ մի կասկած չի առաջացրել առ այն, որ դրանք հնարավոր է, որ դիտավորյալ վերացված լինեն: Այս պարագայում ևս ակնկալվում էր անհապաղ անդրադարձ այդ փաստին՝ հաշվի առնելով դեպքի վայրի պահպանության օրենսդրական պահանջը:
Դեպքի վայրի զննության արձանագրության կապակցությամբ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այն կատարվել է տուժողներից միայն Էդգար Նիկոյանի մասնակցությամբ, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ նախաքննության մարմինը չի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ նախաքննություն ապահովելու նպատակով:
Սույն գործով էական նշանակություն ունեցող հարցեր են նաև տուժողների և կասկածյալների և մեղադրյալների հագուստի առգրավում իրականացնելու և դրանք որպես իրեղեն ապացույց ճանաչելու հարցերը: Այդ կապակցությամբ ևս առկա է քննչական մարմնի բացթողումը, ինչն արդյունք է ոչ մի կերպ չարդարացված ինքնավստահության: Մասնավորապես՝ քննիչն, առգրավելով ոչ թե տուժողների ողջ հագուստը, այլ դրա միայն մի մասը, արդեն իսկ կատարել է անթույլատրելի սխալ: Այնուհետև, չունենալով համապատասխան մասնագիտական գիտելիքներ որոշելու համար, թե արդյոք այդ հագուստը կարող է համարվել ըստ ՀՀ քր. դատ. օր-ի 115-րդ հոդվածի 1-ին մասի առարկա, որոնք իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել կամ որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոցներ ծառայել` որոշել է ձեռնպահ մնալ դրանք իրեղեն ապացույց ճանաչելու որոշում կայացնելուց, այդ անգործությամբ ևս մեկ անգամ սահմանափակելով նախաքննության բազմակողմանիությունն ու լրիվությունը: Այս կապակցությամբ միջնորդում ենք.
.
1. Արձանագրել, որ անհայտ հանգամանքներում և անհայտ անձանց կողմից դեպքի վայրում ոչնչացվել են հանցագործության հետքերը, ինչը համապատասխանում է ՀՀ քր. օր. 334-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
.
2. Իրականացնել տեղազննություն անհրաժեշտ վկաների և բոլոր տուժողների մասնակցությամբ:
.
3. Տուժողների հագուստը ճանաչել իրեղեն ապացույց` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի, կցել գործին և ստուգման ենթարկել առգրավված իրերի և իրեղեն ապացույցների պահպանության ապահովման հարցը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116, 117 -րդ հոդվածների պահանջների համաձայն:
.
4. Նշանակել նաև համապատասխան կենսաբանական (մասնիկաբանական) փորձաքննություն տուժողների և մեղադրյալների հագուստի վրա առկա միկրո մասնիկների, մանրաթելերի առկայությունը պարզելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ավելի որոշակիացնել թե կոնկրետ ով ում է հպվել վիճաբանության և ծեծի ընթացքում:
.
.
3. Համաձայն Ռուբեն Հայրապետյանի` 6.07.2012թ. տված ցուցմունքի (I հատոր գ. թ. 184-185)` նա 2012թ. հունիսի 17-ին գտնվել է Սևանում, այնտեղից վերադառնալուց հետո, ժամը 19.00-ի մոտակայքում կարճատև ժամանակով գտնվել է “Հարսնաքար” ռեստորանային համալիրում, իսկ այնուհետև` ՀՖՖ-ի “Տեխնիկական կենտրոն Ակադեմիայում”: Ինչպես երևում է “Վիվասել”-ի տրամադրած հեռախոսային վերծանումներից` տվյալ հեռախոսային օպերատորի ալեհավաքները ցույց են տալիս, որ նույն օրը, կեսօրին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի, այսպես կոչված, աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Գարիկ Մարգարյանը նույնպես կեսօրից, մոտ ժամը 14.00-ից մինչև մոտ ժամը 19.00 գտնվել են Սևանում` ենթադրաբար այնտեղ ուղեկցելով Ռուբեն Հայրապետյանին: Ըստ “Beeline” /Արմենտել/ և “Vivacell-MTS” ընկերությունների տրամադրած հեռախոսային վերծանումների` Արթուր Բաբլոյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի և Գարիկ Մարգարյանի երթուղին ենթադրաբար նույնն է, ինչ Ռուբեն Հայրապետյանինը, քանի որ, դատելով ալեհավաքների տվյալներից, նրանք ժամը 19.30-22.40-նն ընկած ժամանակահատվածում, գտնվել են “Հարսնաքար” ռեստորանի և/կամ ՀՖՖ ակադեմիայի տարածքում: Դա հիմնավորվում է նաև Նորայր Հայրապետյանի ցուցմունքով /I հատոր, գ.թ. 244/՝ համաձայն որի` ինքը և մեղադրյալներ Արման Բաղդասարյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Խաչատրյանը հանցագործության կատարման պահին մոտ ժամանակահատվածում, սպանությունից առաջ միասին գտնվել են “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ գտնվող ՀՖՖ ակադեմիայում, որտեղից “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածք են եկել PRADO մակնիշի ավտոմեքենայով: Ըստ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքի և հեռախոսային խոսակցությունների վերծանումների՝ նա այդ ժամին նույնպես գտնվել է ՀՖՖ ակադեմիայում, իսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ. Հայրապետյանը դեռ գտնվում էր ՀՖՖ ակադեմիայում՝ ապա Նորայր Հայրապետյանը և նշված անձինք չէին կարող ուղղակի տուն գնալիս լինել, քանի որ նրանք ուղղակիորեն հանդիսանում էին Ռ. Հայրապետյանի, այսպես կոչված, թիկնապահները: Բացի այդ, այն, որ Արթուր Բաբլոյանն ու Արման Խաչատրյանն ուղղակիորեն հանդիսանում էին Ռ. Հայրապետյանի թիկնապահները, փաստվում է նաև մեղադրյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքով /I հատոր, գ.թ. 134/: Ռուբեն Հայրապետյանի առնչությունն այս հանցագործությանը պետք է կասկածի տակ դրվեր հենց այն հանգամանքի բերումով, որ նույնիսկ իր անձնական թիկնազորի անդամ հանդիսացող Գարիկ Մարգարյանին Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրահանգ ունենալու և Ռուբեն Հայրապետյանի կողմից Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու պահին “Հարսնաքար” համալիրում գտնվելու վերաբերյալ հարցին` Գարիկ Մարգարյանն ուղղակիորեն հրաժարվել է պատասխանել: Եթե Ռ. Հայրապետյանն իրապես առնչություն չուներ այս հանցագործությանը, ապա ինչն էր խանգարում նրա <զինվորներից> մեկին այդ առնչությունը հերքելուն: Առնվազն տարակուսելի է, թե ինչպես իրենց քննչական պաշտոնի էլիտան համարող ՀԿԳ քննության վարչության քննչական խումբը` Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ, Ռուբեն Հայրապետյանին հարցաքննելիս, հարց չեն տվել վերջինիս, թե ինչպես կարող էին “Հարսնաքարում” որպես անվանգության աշխատակիցներ և վարորդ-առաքիչ ձևակերպած անձինք այդպես հեշտորեն անտեսել ռեստորանի անվտանգությունը և Ռուբեն Հայրապետյանի հետ միասին ճամփորդել Սևան և հետ: Ի լրումն սրա` “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մի շարք աշխատակիցների ցուցմունքներից ակնհայտ է դառնում, որ նրանք չեն ճանաչում մեղադրյալներ Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաբլոյանին, Նորայր Հայրապետյանին և Գարիկ Մարգարյանին որպես ռեստորանի անվտանգության աշխատակիցներ: Այսպես` երգիչ Էդգար Գրիգորյանը նշում է, որ ռեստորանի անվտանգության աշխատակիցներին գիտի միայն դեմքերով: Անունով ճանաչում է միայն Նորայրին և “Կյաժին” /Արման Խաչատրյանին/: Երգիչ Կարապետ Պոլոյանը նույնպես անվտանգության աշխատակիցներին գիտի միայն դեմքերով /III հատոր, գ.թ. 159/: Մատուցող Պավել Հարությունյանն անվտանգության աշխատակիցներին չի ճանաչում /III, գ.թ.163/, ռեստորանի անվտանգության աշխատակիցներին չի ճանաչում և նրանց հետ շփում չունի նաև երաժիշտ Էդուարդ Գրիգորյանը /III հատոր, գ.թ. 166/: Մատուցող Մանուկ Մնացականյանը ռեստորանի անվտանգության աշխատակիցներից ճանաչում է միայն Գարիկին, այն էլ` միայն դեմքով /III-րդ հատոր, գ.թ. 168/: Ռեստորանի անվտանգության աշխատակիցներին չի ճանաչում և նրանց անունները չգիտի նաև մատուցող Հայկ Ազատիկյանը /III հատոր, գ.թ. 160/: Հաշվի առնելով այս հանգամանքները` գտնում ենք, որ կան հիմնավոր կասկածներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ հիշյալ անձինք չեն հանդիսանում “Հարսնաքար” ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները, այլ` Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահները, որպիսի կարգավիճակով էլ ուղեկցել են նրան Սևան: Սևանից վերադառնալուց հետո նույնպես վերջինս տեղաշարժվել է վերոհիշյալ հինգ և գուցեև ավելի անձանց ուղեկցությամբ և, հակառակ իր պնդումների, առնվազն տեղյակ է եղել դեպքի մանրամասներին:
.
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայն քրեական գործում առկա ցուցմունքների՝ հանցագործությանը մասնակից անձանց մի մասը հանցագործության վայր է կանչվել կամ եկել ՀՖՖ ակադեմիայի տարածքում գտնվող մարզադահլիճից՝ ապա առնվազն տարօրինակ է, որ նախաքննության մարմնի կողմից ձեռք չեն բերվել ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի տարածքում տեղակայված տեսաձայնագրիչ սարքերի տեսագրությունները, որոնցով կփաստվեր և կորոշակիացվեր այն անձանց շրջանակը, որոնք հանցագործության վայր են գնացել նույն շենքում գտնվող մարզադահլիճից:
.
1. Այս կապակցությամբ միջնորդում ենք, որպեսզի դատարանը ձեռք բերի այդ տեսագրությունները և կատարվի դրանց վերծանումը:
..
4. Սույն քրեական գործի շրջանակներում և՛ դրա մեղադրյալների, և՛ վկաների ցանկը լայնորեն առնչվում է 3 կազմակերպությունների` “Դավիթ ԴՎՍ” ՍՊԸ-ի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ի, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիա հետ, ինչպիսի պայմաններում անհրաժեշտ է պարզել հենց այս կազմակերպություններին պատկանող հեռախոսահամարների ցանկը, որոնցից կամ որոնց վրա կարող էին լինել հանցագործություն կատարած անձանց կամ հանցագործություն կատարած անձանց կողմից կանչվող կամ նրանց կանչող զանգերը, որոնք, ինչպես իրավացիորեն նշված է II հատոր գ.թ. 141-ում պարունակվող միջնորդության մեջ, կարող են պարունակվել կատարված հանցագործության բացահայտման համար ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ և միջոց ծառայել հանցագործության մյուս մասնակիցներին պարզելու համար:
.
Առհասարակ, սույն քրեական գործում հեռախոսահամարների նույնականացման հետ կապված իրողությունը զավեշտալի է նաև այն իմաստով, որ կասկածյալ, իսկ հետագայում նաև մեղադրյալ անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարները ճշտվել են ոչ այլ կերպ, քան հենց այդ անձանց կատարած հայտարարությունների և նրանց մոտ հայտնաբերված համարների վրա: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նախաքննության մարմնի կողմից ոչ մի ջանք չի գործադրվել պարզելու համար, թե արդյոք մեղադրյալների մոտ այլ հեռախոսահամարներ եղել են, թե չէ, և պարզել այդ հեռախոսահամարների վրա և դրանցից դուրս եկած զանգերի ցանկը: Ավելին` մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի և Արթուր Բաբլոյանի կողմից օգտագործված Beeline համարների վերծանումներից պարզելով, որ նրանց հեռախոսահամարներից զանգեր են արվել մեղադրյալ Նորայր Հայրապետյանին պատկանող 091 208566 հեռախոսահամարին` նախաքննության մարմինը հարկ չի համարել միջոցներ ձեռնարկել ստանալու նաև այս հեռախոսահամարի վերծանումը: Նույն ոգով նաև անուշադրության են մատնվել մեղադրյալ Արթուր Բաբլոյանի կողմից սույն թվականի հունիսի 19-ին առավոտյան 11:47 Ռուբեն Հայրապետյանի բնակության հասցեով /Բաբաջանյան 1/ գրանցված 623190 համարին կատարված զանգը: Հարկ է նկատել, որ երբ հանրության կողմից բազմիցս կոչեր և հարցումներ են արվել, թե արդյոք սույն գործով վկա Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերի վերծանումները ձեռք են բերվել, թե ոչ, նախաքննության մարմնի կողմից շարունակաբար պատասխանվել է, որ նման տեղեկություններ կարող են ձեռք բերվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցողների վերաբերյալ: Այս պայմաններում առնվազն տարօրինակ է, թե ինչու և ինչպես է նախաքննության մարմինը միջնորդություն հարուցել պարզելու այն հեռախոսահամարների վերծանումը, որոնց տիրապետողների վերաբերյալ միջնորդությունը հարուցելու պահին ոչ մի պաշտոնական կասկած կամ մեղադրանք չի ունեցել:
.
Այս կապակցությամբ միջնորդում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ` պարզելու, թե.
.
1. Որ հեռախոսահամարներն են պատկանում «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիային,
.
2. Օրենքով սահմանված կարգով պահանջել վերը նշված կազմակերպություններին, Ռուբեն Հայրապետյանին և Նորայր Հայրապետյանին պատկանող հեռախոսահամարներին դեպքի օրը, դրան նախորդող և հաջորդող օրերին կատարված հեռախոսազանգերի (մուտքային և ելքային) վերծանումները,
.
3. Առաջարկել Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի նա ինքը կամավոր ներկայացնի իրեն պատկանող և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարների վերծանումները՝ հանցագործության օրվա և դրան հաջորդող օրերի դրությամբ: Կամավորության հիմունքներով դրանք չտրամադրելու դեպքում միջնորդում ենք դատարանին համապատասխան հեռախոսային օպերատորներից պահանջել հիշյալ վերծանումները,
.
4. Ինչ հեռախոսահամարներ են պատկանում սույն գործով մեղադրյալներին առհասարակ, և այն դեպքում, երբ այդ հեռախոսահամարների զանգերի վերծանումները սույն գործով առկա չեն, օրենքով սահմանված կարգով պահանջել և ստանալ դրանք,
.
5. Բջջային օպերատորներից պահանջել նաև տեղանքում գտնվող բոլոր ալեհավաքների վերաբերյալ տեխնիկական տվյալներ, մասնավորապես` թե որը կոնկրետ ինչ շառավղով է սպասարկում իրականացնում:
.
5. Ի լրումն սրա` գործում առկա, այսպես կոչված, աշխատանքային պայմանագրերից` կնքված “Հարսնաքարի” տնօրեն Հրաչ Զոհրաբյանի և մեղադրյալների միջև, ակնհայտ է դառնում, որ պայմանագրերն իրականում կազմված են հետին թվով, դրանց վերջում առկա ստորագրություններն ակնհայտորեն կեղծված են և տարբերվում են դատավարական փաստաթղթերում առկա` մեղադրյալների իրական ստորագրություններից: Համոզված ենք, որ կեղծ պայմանագրերը կցված են գործին` թաքցնելու այն հանգամանքը, որ առնվազն Ռուբեն Հայրապետյանին Սևան ուղեկցած հինգ անձինք չեն հանդիսանում “Հարսնաքարի” աշխատակիցներ: Մասնավորապես` Նորայր Հայրապետյանը հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ չի աշխատում, սակայն գործում առկա է նրա և “Հարսնաքարի” տնօրենի միջև կնքված պայմանագիրն այն մասին, որ նա հանդիսանում է նույն ռեստորանի անվտանգության աշխատակից, իսկ գործի II հատորի 102-րդ թերթի դատարանի որոշմամբ արձանագրված է, որ նա հայտարարել է, որ հանդիսանում է ՀՖՖ ակադեմիայի անվտանգության աշխատակից: Արման Խաչատրյանը, ըստ իր որոշ հայտարարությունների, չի աշխատում, այնինչ այլ հայտարարությունների համաձայն` հանդիսանում է “Էլմիր” ՍՊԸ-ի տնօրենը, և ըստ իր որոշ ցուցմունքների` Ռուբեն Հայրապետյանի մոտ անվտանգության աշխատակից է աշխատում 3-4 տարի /I հատոր, գ.թ. 241/: Միևնույն ժամանակ, քրեական գործում առկա է աշխատանային պայմանագիր` կնքված “Դավիթ ԴՎՍ” ՍՊԸ-ի համալիրի տնօրեն Հրաչ Զոհրաբյանի և Արման Խաչատրյանի միջև: Հետաքրքրարժան է, որ հակառակ Արման Խաչատրյանի և մատուցող Դավիթ Ադամյանի ցուցմունքների այն մասին, որ Արման Խաչատրյանը Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակից/թիկնապահն է, գործում առկա են գրություններ գրված ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պետ Վահագն Հարությունյանի և նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանի կողմից` թվագրված 19.06.2012թ., որով վերջիններս, չունենալով և ոչ մի հիմք, անհասկանալի պատճառներով որոշում են, որ “Կյաժ” մականունով Արման Խաչատրյանը “Հարսնաքար” ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից է:
.
Ի լրումն սրա` մեղադրյալ Արման Բաղդասարյանն իր ցուցմունքում հայտարարում է, որ ինքը վարորդ է /II հատոր, գ.թ. 44/, մինչդեռ նույն Հրաչ Զոհրաբյանի հետ ունի պայմանագիր, որտեղ նշված է, որ ինքն ընկերության անվտանգության աշխատակից է: Ակնհայտորեն, նշված և ոչ մի զբաղմունքը ճիշտ չէ, իսկ մեղադրյալներ Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանը թաքցրել են այն հանգամանքը, որ հանդիսանում են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ` ակնհայտորեն նպատակ ունենալով թաքցնելու Ռուբեն Հայրապետյանի` սույն հանցագործությանը որևէ առնչություն ունենալու հանգամանքը:
.
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայն քրեական գործում առկա ցուցմունքների՝ հանցագործությանը մասնակից անձինք եղել են “Հարսնաքար” ռեստորանի անվտանգության աշխատակիցներ և նրանց թիվը եղել է 15 հոգու սահմաններում` չի երևում նաև քննչական խմբի գործադրած ջանասիրությունը չգրանցված, սակայն իրականում այդ համալիրում անվտանգության աշխատակցի գործառույթներ իրականացնող բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այդ հսկայական ռեստորանային համալիրի անվտանգությունն անհնար էր ապահովել չորս աշխատակցի միջոցով: Բացի այդ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործում եղած աշխատանքային պայմանագրերը կնքված են սկսած սույն թվականի ապրիլ ամսից` ողջամիտ կասկած է առաջանում առ այն, որ կան այլ աշխատակիցներ և այս կապակցությամբ վարույթն իրականացնող մարմինը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր՝ պարզելու բոլոր աշխատակիցների ցուցակը: Հաշվի առնելով վերոգրյալը` միջնորդում ենք
.
1. Պահանջել <<Հարսնաքար>> ռեստորանային համալիրի ողջ փաստաթղթաբանությունը, ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջոցառումներին առնչվող, ինչպես նաև դրա անձնակազմին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ներառյալ` ժամանակավոր բոլոր գրառումները` կապված տարբեր միջոցառումների համար նախնական պատվերների ընդունման հետ՝ պարզելու դեպքի օրվա դրությամբ համալիրում տեղի ունեցած միջոցառումներին ներկա գտնված անձանց ցանկը, ինչպես նաև ամբաստանյալների իրական աշխատանքի վայրը,
.
2. Համապատասխան հարցմամբ սոցիալական ապահովության պետական ծառայությունից և հարկային մարմիններից պահանջել <<Դավիթ ԴՎՍ>> ՍՊԸ-ում և ՀՖՖ Ակադեմիայում գրանցված աշխատակիցների վերաբերյալ համապատասխան տվյալներ,
.
3. Որոշում ընդունել թիվ 17115012 քր. գործի առաջին հատորի Գ.Թ. 44, 45, 46, 47 էջերում պարունակվող ընթերակաների վերաբերյալ գրառումները, ընթերակաների ստորագրությունները, ինչպես նաև քրեական գործում առկա աշխատանքային պայմանագրերում առկա ստորագրությունները կատարողին(ներին) պարզելու համար դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին: Ընդ որում անհրաժեշտ է որպեսզի փորձաքննության նմուշներ ներկայացնեն նաև այդ փաստաթղթերը կազմած կամ վերոնշյալ քրեական գործին կցած քննիչները,
.
4. Փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու աշխատանքային պայմանագրերի և զննման արձանագրության պատրաստման եղանակը, ժամանակը և մեթոդը, ինչպես նաև ստորագրությունները կատարած անձին կամ անձանց: Փաստաթղթաբանական փորձաքննության է անհրաժեշտ ենթարկել նաև <<Հարսնաքար>> ռեստորանային համալիրի աշխատանքային պայմանագրերը, որպես աշխատող հաշվառված անձանց վերաբերյալ կազմված անհատական հաշվետվության թերթիկները, եկամտահարկի, շահութահարկի, սոցիալական ապահովության վճարների կապակցությամբ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված բոլոր փաստաթղթերը, որոնց ամբողջական ցանկը պարզ կդառնա սույն միջնորդությամբ պահանջված բոլոր փաստաթղթերը ձեռք բերելուց հետո:
.
6. Սույն գործով տարակուսելի է նաև Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի “Հետևություններ” բաժնում արձանագրված է. “նման վնասվածքները կենդանի անձանց մոտ սովորաբար համարվում են` առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, իսկ տվյալ դեպքում` բերել են մահվան”: Ոլորտի լրջագույն մասնագետների հավաստմամբ` Վահե Ավետյանի մոտ ծեծից անմիջապես հետո առկա է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք և այնպիսի բժշկական ախտանիշերը, տվյալները, ինչպիսիք են հավասարաչափ լայնացած և միջին գծով ֆիքսված բբերը, կոռնեալ ռեֆլեկսների բացակայություն, ցավային գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայությունը, գլխուղեղի մոտ 4,0 սմ դիսլոկացիա համախտանիշ աջից ձախ և, վերջապես, դիֆուզ աքսոնալ ախտահարումը խոսում են բոլոր դեպքերում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքի մասին, ավելի կոնկրետ՝ մահվան առաջին ախտանիշերի, այլ ոչ թե վնասվածքի, որը տվյալ դեպքում բերել է մահվան: Վերոգրյալն են հիմնավորում նաև Վահե Ավետյանի առաջնային բուժ զննության արձանագրությունը, կատարված ԿՏ հետազոտությունը, առաջին վիրահատության հիմնավորումը, վիրահատության նկարագրություն-արձանագրությունը, երկրորդ վիրահատության հիմնավորումը, վիրահատության նկարագիր-արձանագրությունը, որոնցով արձանագրված է Վահե Ավետյանի, սկսած առաջին բուժ զննությունից, ծայրահեղ ծանր վիճակում գտնվելը, ինչին ըստ դասակարգման հաջորդում է մահվան վիճակը: Բացի այդ, վերոգրյալը վկայում է նաև այն մասին, որ մահը վրա է հասել ոչ թե ծանր վնասվածքի և դրա հետևանքների զարգացման պատճառով, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը չեզոքացնելու անհնարինության հետևանքով: Այս կապակցությամբ միջնորդում ենք.
.
1. ՀՀ քր. դատ. օր-ի 245, 251-րդ հոդվածներով, Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության նկատմամբ նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն` ներգրավելով հանրապետության բոլոր հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժանմունքների ղեկավարներին,
.
2. Որպես իրեղեն ապացույց ճանաչել նաև Վահե Ավետյանի վիրահատության տրեպանացիայի արդյունքում հանված գանգոսկրի, ինչպես նաև մաշկի համապատասխան հատվածը, որոնք նկարագրված են դատաբժշկական եզրակացության մեջ:
.
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 78-79-րդ, 125-րդ, 267-րդ, 331-րդ հոդվածներով
.
Խնդրում ենք
.
Ամբողջությամբ բավարարել վերոշարադրյալ միջնորդությունները և արդյունքում ձեռք բերված ապացույցները կցել սույն քրեական գործին, ինչը թույլ կտա բացահայտել հանցագործության ամբողջական պատկերը:
.
Ներկայացուցիչներ՝
Տիգրան Էդուարդի Եգորյան
Վահե Գրիգորյան
Լուսինե Հակոբյան»:
.
Աղբյուրը` Իրավաբան.net