Ի՞նչ է բորսան

«Բորսան (լատ. bursa` դրամապանակ) շուկա է, որտեղ հանդիպում են գնորդը և վաճառողը: Բորսան, ըստ էության, միջնորդի դեր է կատարում այս երկու կողմերի համար:

.

Բորսաները հիմնականում լինում են ապրանքային, ֆոնդային և ունիվերսալ»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

.

Այժմ խոսենք ապրանքային բորսաների մասին: «Ապրանքային բորսաների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ապրանքային բորսան իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություն է, որն առևտուրն իրականացնում է իր կողմից սահմանված կանոններով, որոշակի տեղում և ժամանակահատվածում` հրապարակային սակարկությունների ձևով:
.
Բորսան ստեղծվում է բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով` օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է ունենալ մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ:
.
Բորսան իրականացնում է բորսային առևտրի կազմակերպման և կարգավորման հետ անմիջականորեն կապված գործունեություն:
.
Բորսան չի կարող իրականացնել այնպիսի առևտրային, առևտրամիջնորդային և այլ գործունեություն, որն անմիջականորեն կապված չէ բորսային առևտրի կազմակերպման և կարգավորման հետ: Նշված սահմանափակումները բորսային անդամների վրա չեն տարածվում:
.
Բորսային ապրանք է այն ապրանքը, որը համապատասխանում է շրջանառությունից չհանված տվյալ ապրանքի տեսակին և որակին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և որը բորսայի կողմից սահմանված կարգով թույլատրվել է բորսային առևտրի:
.
Բորսային ապրանք է համարվում նաև բորսային ապրանքի վերաբերյալ պայմանագիրը և բեռնագիրը:
.
Նշենք, որ բորսային ապրանք չեն կարող լինել անշարժ գույքը, մտավոր սեփականության օբյեկտները, հեղինակային իրավունքը, արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց շրջանառությունը (վաճառքը) արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
.
Բորսային գործարքը բորսայում գրանցված այն պայմանագիրն է, որը բորսային առևտրի մասնակիցները բորսային ապրանքի վերաբերյալ կնքել են որպես այդ ապրանքի սակարկության արդյունք:
.
Բացի բորսային ապրանքի վերաբերյալ բորսային գործարքներից, բորսայում կարող են կատարվել նաև ֆորվարդային, ֆյուչերային և օպցիոն գործարքներ:
Բորսային գործարքների ձևակերպման և գրանցման կարգը սահմանում է բորսան:
.
Այն գործարքները, որոնք կնքվել են բորսայում, բայց չեն համապատասխանում բորսային գործարքների ձևակերպման և գրանցման կարգին, բորսային չեն: Բորսային երաշխիքներն այդպիսի գործարքների վրա չեն տարածվում:
.
Բորսան իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել բորսային առևտրի այն մասնակիցների նկատմամբ, որոնք տվյալ բորսայում կնքել են բորսային առևտրի կանոններին չհամապատասխանող գործարքներ:
Բորսային գործարքները չեն կարող կնքվել բորսայի անունից և նրա հաշվին:
.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել