Օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստն է հիմք հանդիսանում ծնողների և երեխաների իրավունքների ու պարտականությունների ծագման համար:
.
Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի անձից:
.
«Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ապացույցը, որը հաստատում է երեխայի՝ որոշակի անձից սերված լինելու հանգամանքը, միանշանակ պետք է լինի ստույգ: Այսինքն այն ապացույցները, որոնք հիմնավորում են երեխայի՝ որոշակի անձից սերված լինելու հնարավորությունը, կամ չեն ժխտում այդ փաստը, չեն կարող դրվել որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը հաստատող դատական ակտի հիմքում»- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
.
ՀՀ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայրությունը դատական կարգով որոշելու իրավական խնդրին, արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունը չի կարող դիտվել որպես երեխայի՝ որոշակի անձից սերված լինելու փաստը (հայրությունը) հաստատող ստույգ ապացույց, քանի որ դրանով կատեգորիկ հետևություն չի արվել փորձագետին առաջադրված հարցի վերաբերյալ, այլ միայն հավանական եզրահանգում է կատարվել (Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0207/02/08):
.
Աղբյուրը` Իրավաբան.net