Գոյություն ունեն հողերի որոշակի կատեգորիաներ, որոնք չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել անձանց:
Նշված հողերի ցանկը սահմանված է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով:
Մասնավորապես, արգելվում է քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը հանձնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
· պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ են, բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով փոխանցված և փոխանցվող եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցապատման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի.
· բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցներ են, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիներ, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիներ, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքներ.
· զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով.
· բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ).
· ենթարկված են ռադիոակտիվ և քիմիական աղտոտման, կենսածին վարակման.
· 6)պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների տեղադրվածություններ են.
· զբաղեցված են համայնքի վարչական սահմաններից դուրս ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ, այլ օբյեկտներով.
· վիճելի տարածքներ են` մինչև վեճերի լուծումը.
· հատուկ նշանակության հողեր, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցներ են:
Օրենքով կարող են սահմանվել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության չփոխանցվող նաև այլ հողամասեր:
Վերը նշված հողամասերի համար օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կառուցապատման առանձնահատկություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net