Կյանքում չեն բացառվում իրավիճակներ, երբ վնաս պատճառվի կենդանիների կողմից և այս պարագայում առաջանում է այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասը հատուցելու անհրաժեշտություն:
«Ընդհանուր կանոնի համաձայն կենդանու պաճառված վնասի համար պատասխանատու է կենդանու սեփականատերը, որն էլ կրում է վնասի հատուցման պարտականությունը, սակայն այդ կանոնից առկա է 2 բացառություն» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Այսպես. կենդանու սեփականատերը պատասխանատու չէ կենդանու պատճառած վնասի համար`
1) եթե կենդանու սեփականատերը կենդանուն հանձնել է այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին և վնասը պատճառվել է այդ ընթացքում,
2) եթե կենդանին դուրս է եկել սեփականատիրոջ տիրապետումից այլ անձանց անօրինական գործողությունների հետևանքով:
«Միևնույն ժամանակ կենդանու օգտագործման, տիրապետման և խնամքի ընթացքում այլ անձի մեղքով երրորդ անձանց պատճառած վնասը հատուցած կենդանու սեփականատերը հատուցման չափով հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այն անձի նկատմամբ, ում մեղքով պատճառվել է վնասը» – նշում է փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net